Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրվա ավարտին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն այցելել են Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հյուրանոցներում ապաստանած ընտանիքներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:
Պաշտոնյաները շրջել են առանձնասենյակներում, զրուցել քաղաքացիների հետ, վստահեցրել, որ հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են և արվում է առավելագույնը նրանց խնդիրների լուծման և աստիաճանաբար բնականոն կյանքին վերադառնալու համար:
Մարզի ղեկավարը և Ստեփանավանի համայնքապետը պատասխանել են նաև քաղաքացիների հարցերին:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում երեկ տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:
Տեղեկացնենք՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
Հրդեհի հետևանքով մեկ անձ զոհվել է: