![](https://araratnews.am/admin/images/1739612512.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day), նպատակը` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու խնդրին, քաղցկեղ ունեցող երեխաներին ու դեռահասներին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2024 թվականին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք՝
կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ.
սուր լեյկոզներ (լեյկեմիաներ), լիմֆոմաներ, նեյրոբլաստոմա.
ոսկրամկանային համակարգի ուռուցքներ (սարկոմաներ) և այլն։
Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2017 թվականից իրականացվում է ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, իսկ 2021 թվականին առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։
2024 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 9 երեխայի ալոգեն փոխպատվաստում:
Քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ընթացքում մշտապես արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք է առաջանում։
Քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում նվազում է երեխաների արյան բջիջների քանակը, ինչը կարող է անհամատեղելի լինել կյանքի հետ:
Ուստի, նվիրաբերված արյունը և դրանից ստացված բաղադրամասերն ու պատրաստուկներն անփոխարինելի են քաղցկեղ ունեցող երեխաների բուժման գործընթացում: