Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 17-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև անցկացվել է մարդու իրավունքների շուրջ երկխոսության 14-րդ նիստը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի եվրոպական ծառայությունում բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։

ԵՄ-ն ողջունել է մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրության, քաղաքականության, ինչպես նաև Մարդու իրավունքների ռազմավարության ու դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ձեռնարկելու հետագա միջոցառումներ՝ ուղղված մնացյալ խնդիրների լուծմանը:

«Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության ընդհանուր սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդու իրավունքների լիակատար հարգման, պաշտպանության և իրագործման խթանմանը, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ ընթացող երկխոսության համատեքստում:

Հայաստանը և Եվրոպական միությունը համակարծիք էին հավաքների, միավորումներ կազմելու և արտահայտվելու ազատության իրավունքների արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական դաշտի պահպանման անհրաժեշտության հարցում: Ընդգծվել են ոստիկանության հաշվետվողականության ապահովման կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել նոր օրենսդրությանը: ԵՄ-ն գնահատել է իրավապահ համակարգի բարեփոխումներում մարդու իրավունքների ուղղությամբ գրանցված Հայաստանի առաջընթացը, ինչպես նաև միգրացիոն ոլորտի բարեփոխումները։ Կողմերը անդրադարձել են նաև կալանավորման պայմանների բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդման անհրաժեշտությանը: ԵՄ-ն կոչ է արել սահմանափակել մինչդատական կալանքի կիրառումը և վերջինիս տևողությունը։

 

Հայաստանը և Եվրոպական միությունն ընդգծել են ազատ և արդար ընտրությունների կարևորությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ուղղված նշանակալի ջանքերը։ Կողմերը կարևորել են ընտրական օրենսգրքի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները։ Քննարկվել են նաև ապատեղեկատվության աճող մակարդակը, ներառյալ՝ տեղեկատվության օտարերկրյա մանիպուլյացիան և միջամտությունը լավագույնս հասցեագրելու միջոցները։

Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորել են հավասարության ամրապնդման և խտրականության դեմ պայքարը։ Այս համատեքստում ԵՄ-ն կոչ է արել ընդունել համընդգրկուն Հավասարության մասին օրենք և Գենդերային հավասարության ռազմավարություն։ Ողջունելով Հայաստանի հանձնառությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում՝ ԵՄ-ն խրախուսել է հասանելիությանը և համայնքային ծառայությունների երաշխավորմանն ուղղված հետագա քայլերի ձեռնարկումը։ ԵՄ-ն կոչ է արել նաև հավելյալ ջանքեր գործադրել ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցում։ Կողմերը քննարկել են ատելության խոսքի և ատելությամբ պայմանավորված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը, այդ թվում նաև ԼԳԲՏԻ անձանց դեմ։ Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորել են երեխաների իրավունքների օրակարգի ուղղությամբ ջանքերը, ԵՄ-ի կողմից ընդգծվել է նոր իրավական փաթեթի վերջնականացման և վերջինիս կիրարկման համար բավարար ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների հետագա ամրապնդման հարցեր։

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հարթակներում։

Փետրվարի 18-ին կայացել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի հանդիպումը, որի ընթացքում «Ապաստան, միգրացիա և շարժունակություն» թեմայով ելույթ է ունեցել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերանայել և համաձայնեցրել են գործառնական եզրակացություններ»,- ասված է հաղորդագրությունում։

180