
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետք է մի քանի բան առանձնացնել․ մոտ մեկ տարի է՝ լուրջ միջադեպեր չեն եղել։ Միաժամանակ, մեր դիտարկմամբ, անցյալ ամառվանից սկսած՝ խաղաղության շուրջ բանակցություններում էլ առանձնակի առաջընթաց չի եղել։ Քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր, հակամարտությունը կարող է վերսկսվել։ Այսօր իրավիճակը քիչ թե շատ խաղաղ է, բայց կայուն չէ, ուստի պետք է անել առավելագույնը՝ հասնելու խաղաղության, կայուն խաղաղության։
Այս մասին «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվեց 2 տարով, ինչին Բաքուն դեմ էր։ Այս առաքելության կարևորությունն ընդգծվում է հատկապես այն առումով, որ Բաքուն հրաժարվում է սահմանին հետաքննական մեխանիզմներ կիրառելուց, ինչը հետևողականորեն առաջարկում է Հայաստանը։ Սա ինչի՞ մասին է խոսում։
Հարցին ի պատասխան՝ դեսպանն ասել է.
«Կարծում եմ՝ այս առումով իրավիճակը շատ պարզ է․ մենք խոսում ենք եվրոպական առաքելության մասին, որը տեղակայված է Հայաստանի տարածքում, այսինքն՝ հայերն են, որ լեգիտիմ իրավունք ունեն դիմելու դրա երկարաձգման համար, և եվրոպացիներն են, որ որոշում են։ Ադրբեջանին ևս առաջարկ էր արվել, որ առաքելություն տեղակայվի նաև ադրբեջանական կողմում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է։
Իսկապես, ՀՀ կառավարության կողմից առաջարկ կա ստեղծել հետաքննական մեխանիզմ, որը հնարավորություն կտա միջադեպերի մասին հստակ պատկերացում կազմել։ Բնականաբար, սա կօգներ լարվածությունը նվազեցնել, բայց այս առաջարկը քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև, սա չի արվում եվրոպական առաքելության շրջանակում։
Փաստ է՝ ինչ եվրոպական առաքելությունը պարեկություն է անում այս տարածքներում և ռազմական կոնտակտային գծի վրա, որովհետև ադրբեջանական դիրքեր կան Հայաստանի տարածքում ևս, նվազել են միջադեպերը, ուստի կարող ենք հստակ ասել, որ սա դրական ազդեցություն ունի Հայաստանի կայունության վրա։ Եւ եվրոպական տարբեր առաջնորդներ, որոնք այցելել են այստեղի կենտրոնատեղի կամ իրենց հետ պարեկություն են արել, մի կողմից արձանագրել են, որ դիտորդները շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, մյուս կողմից, որ նրանց զուտ ներկայությունն արդեն իսկ վստահություն է ներշնչում սահմանամերձ բնակչությանը, և այդ բնակչությունը, հիշենք, այն տարածքներում է ապրում, որոնք ամենամեծ սպառնալիքի տակ են։ Եւ դիտորդների հանդեպ մեծ ջերմություն և շնորհակալական զգացում կա այս կողմից»։