Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան:
Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ, նախարարությունում կայացած նիստի ընթացքում հաստատել է օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող սոլֆեջոյի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը:
Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները:
Օլիմպիադան անցկացվում է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ դասարանցիների շրջանում:
ՀՀ-ում գործում է արտադպրոցական նախամասնագիտական կրթություն իրականացնող շուրջ 170 հաստատություն (երաժշտական և արվեստի դպրոցներ), որոնք կարևոր դերակատարություն ունեն մշակութային կրթության, գեղագիտական դաստիարակության, մանուկների և պատանիների բազմակողմանի զարգացման, ինչպես նաև երաժշտարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտման հարցում: Սոլֆեջիոն երաժշտարվեստի բնագավառի կրթության առանցքային առարկաներից է, որը կարևոր նշանակություն ունի երաժշտի հմտությունների և կարողությունների զարգացման համար:
Օլիմպիադայի անցկացման կանոնակարգն ու մասնակցության պայմանները՝ կից հղմամբ: