Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարության որոշմամբ` մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ: Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ դա կարևոր որոշում է։ 

«Սա առաջին քայլն է մեր բժշկական կենտրոնների կառավարման մոդելի փոփոխության ուղղությամբ։ Հաջորդիվ այս կենտրոններում մենք իրականացնելու ենք մասնագիտական կառավարման առումով փոփոխություններ, կապահովվի բուժծառայությունների հասանելիության ընդլայնումը, որակի բարելավումը և այլն։ Այսինքն՝ բազմաթիվ ուղղություններով անելիքներ ունենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանն՝ ընդգծելով, որ սպասվող փոփոխությունները կնպաստեն նաև բուժհաստատությունների ֆինանսատնտեսական արդյունավետության բարձրացմանը։ 

Նախարարի խոսքով՝ մի կողմից պետությունը ներդրում է կատարում ենթակառուցվածքների, մյուս կողմից ծառայությունների ծավալը մեծացնելու մեջ։ Եվ այդ համատեքստում բժշկական կենտրոնների արդյունավետ կառավարումը, որակին համապատասխան զարգացում ապահովելը ՀՀ առողջապահության նախարարության բարեփոխումների ծրագրի շատ կարևոր բաղադրիչներից մեկն է։ 

«Մենք վստահ ենք, որ այս բոլոր գործողությունների արդյունքում մենք շատ ավելի ծախսարդյունավետ, միասնական ստանդարտներին համապատասխան մոտեցմամբ համակարգ ենք ունենալու»,-ասաց նախարարը։    

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է սերտ աշխատել մարզային իշխանությունների հետ` ի նպաստ քաղաքացիների առողջապահական կարիքների բավարարմանը:

91