ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։

Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում։ Նա անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։

 

Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գ․ Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։

 

Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։

391