

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ-ԻԻՀ հարաբերություններին։
«Միշտ ընդգծում եմ, որ ԻԻՀ և ՀՀ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա․ սա, թերևս, երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են։ Մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են՝ և քաղաքական երկխոսության, և տնտեսական գործակցության մակարդակում, մենք ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների՝ ԻԻՀ-ից ՀՀ այցելող, ՀՀ-ից ԻԻՀ այցելող, նաև մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով աճում է։ Իհարկե, նաև կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք չլինելու դեպքում այդ հարաբերությունները, մասնավորապես՝ առևտրատնտեսային ոլորտում, գուցե ավելի մեծ կլինեին, նաև ես կարծում եմ, որ մենք ԻԻՀ կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի լավ տեմպ ունենալ, պիտի ասեմ, որ մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավական բարձր է։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք պետք է գոհանանք հարաբերությունների այն մակարդակից, որ ունենք, և աշխատենք ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ Իրանը հարաբերւթյունները զարգացնելու ինչ քայլեր պետք է ձեռնարկի, վարչապետը պատասխանեց․
«Կարծում եմ՝ և ՀՀ, և ԻԻՀ կառավարությունը այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարաբերությունների զարգացումն ապահովելու համար, իրականացնում են։ Դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է, իրանական ընկերությունները լայնորեն ներկայացված են ՀՀ-ում, մասնավորապես, այսօր ՀՀ և ԻԻՀ միջև նոր մաքսային անցակետի շինարարության մեջ են ընդգրկված իրանական ընկերությունները, Հյուսիս-Հարավի Քաջարան-Ագարակ հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է ԻԻՀ-ն ներկայացնող ընկերություն»,- ասաց նա։
Տեսանյութը՝ այստեղ։