Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են․ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԻԻՀ պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պատասխանելով այս հարցին, նշեց․

«Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևն ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման համար։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերությունները բարդ են և միշտ էլ բարդ են եղել, այսինքն` մենք մարդկության պատմության մի ժամանակաշրջան չենք կարող դուրս բերել, որ ասել, գիտեք ինչ՝ հարաբերությունները շատ պարզ էին, հարաբերությունները միշտ բարդ են և միշտ կա ցանկություն անել ավելին և այդ ավելին անելու ցանկությունն է, որ բերում է զարգացման և աճերի:

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից»:

«Ասում են՝ Ձեր իշխանությունն արևմտամետ է: Արդյոք այս քաղաքականությունը չի հակասում... Այդ մտահոգությունը գոյություն ունի, որ այս ընթացքը՝ արևմտամետությունը, կազդի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեր հարաբերությունների վրա»,- վարչապետին հարց ուղղեց լրագրողը:

«Մեր Կառավարությունը որդեգրել է և իրականացնում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և այս ձևակերպումն իսկ չի ենթադրում կամ նույնիսկ բացառում է մետության որևէ քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնվում է և ավելի ու ավելի շատ պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է:

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունից հետո այդ գնահատականներն ավելի սուր և ավելի շատ էին հնչում: Բայց եթե մենք հետահայաց նայենք 2018 թվականից այս կողմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների դինամիկային, թող անհամեստություն չդիտվի, բայց ես չեմ կարծում, թե վերջին յոթ տարվա հարաբերությունների զարգացման այս դինամիկան զիջում է նախկինում գոյություն ունեցած որևէ յոթ տարվա։

Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 2000 թվականից, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը նաև այս կազմակերպության հենց հիմնարար բերումով, շատ ամուր կապեր ունի Եվրոպայի հետ, եթե արևմուտք ասելով նկատի ունենք Եվրոպան, Հայաստանը նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ է: Մյուս կողմից՝ մենք 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել ենք ժողովրդավարական բարեփոխումների մի օրակարգ, և այդ բարեփոխումների շուրջ բավականին ակտիվ համագործակցություն ենք ծավալում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ և այլն, և այդպես շարունակ:

Բայց մյուս կողմից՝ մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր տարածաշրջանային քաղաքականությանը, ընդ որում՝ արձանագրելով, որ մեր տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրը զարգացման իր տեսլականը, կառավարման իր մոդելը, քաղաքական իր հայացքը և գաղափարախոսությունն ունի, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի և պետության ինքնիշխան իրավունքին՝ որոշելու իր զարգացման բովանդակության վերաբերյալ հարցերին։ Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանային այս բազմազանությունը նաև հնարավորություններ է ստեղծում մեզ ինտեգրված լինել ոչ միայն արևմուտքին, այլև ինտեգրված լինել արևելքին։ Մենք չենք ուզում, որպեսզի, պայմանական, արևելքի հետ մեր հարաբերությունները նվազեն կամ թուլանան, մենք ուզում ենք, որ այդ հարաբերությունները խորանան։ Մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի հետ մեր հարաբերությունները շարունակեն խորանալ։ Եվ այս առումով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, որովհետև ինչպես ասացի, դա բխում է մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունից։

Ես կարող եմ այդպիսի հավակնոտ պնդում անել, որ մեր այլ հարաբերություններում սպառնալիք չկա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության այլ երրորդ կողմերի հետ հարաբերություններում սպառնալիք չկա Հայաստանի Հանրապետությանը: Այս ըմբռնումն է, որ բնականոն պայմաններ է ստեղծում մեր հարաբերությունների խորացման համար»,- պատասխանեց վարչապետը:

213