
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
Մեր զրուցակիցը ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ (բակալավր), Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանություն կրթական ծրագրի մագիստրանտ Անուշ Գասպարյանն է:
Անուշ, տարածված կարծրատիպ կա, որ մանկավարժությունն ամենաանշնորհակալ գործն է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:
Այո, համաձայն եմ, դժվարին է մանկավարժի աշխատանքը, նաև հաճախ ասում են՝ անշնորհակալ աշխատանք, բայց աշակերտի հետ աշխատանքի արդյունքը միանգամից չի երևում: Շատ կարևոր է ոչ միայն գիտելիք տալը, այլև արժեքներ ձևավորելը. սեր, հարգանք, մարդասիրություն, հայրենասիրություն: Եթե մանկավարժը ճիշտ օրինակ է ցույց տալիս, երեխաները ընդունում, սիրում են ուսուցչի կերպարը:
Ըստ Ձեզ, պարտադի՞ր է, որ ապագա մանկավարժն իր կրթությունը հենց ՀՊՄՀ-ում ստանա:
Ըստ իս, պարտադիր չէ, սակայն կարևոր է, քանի որ մանկավարժական համալսարանը այն օջախն է, որը կրթել և դաստիարակել է բազմաթիվ մանկավարժների: Սակայն պետք է նշեմ, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող մայր բուհն է:
ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտը մեր երկրում ո՞ր ոլորտներում կարող է ծավալել իր մասնագիտական գործունեությունը:
Համալսարանական կրթության պայմաններում ֆակուլտետը հաջողությամբ իրականացնում է տարբեր մասնագիտական ծրագրեր: Բացի այն, որ շրջանավարտը մանկավարժի որակավորմամբ կարող է աշխատել հանրակրթական բոլոր հաստատություններում, կարող է նաև աշխատել պետական կառավարման մարմիներում, նախարարություններում, բուժհաստատություններում, աջակցման և զարգացման կենտրոններում և այլն:
Ի՞նչ հիմնարար առարկաներ են ուսումնասիրում ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները:
Բնականաբար, 1-ին կուրսում ուսանողը ուսումնասիրում է մասնագիտական ներածություն, ծանոթանում է մանկավարժության պատմությանը: Իսկ ավելի բարձր կուրսերում հոգեբանության շրջանակներում ուսումնասիրում է ամենատարբեր առարկաներ, օրինակ՝ հոգեբանական խորհրդատվություն, բժշկական հոգեբանություն, հոգեբանական փորձաքննություն, սուիցիդալ հոգեբանություն, իրավաբանական հոգեբանություն, որոնք դասավանդել են բուհի լավագույն դասախոսները:
Մի փոքր կխոսե՞ք մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացի առանձնահատկությունների մասին:
Պետք է նշեմ որ, մանկավարժական համալսարանը առաջիններից է, որ ուսանողին ընձեռում է հնարավորություն ավելի վաղ սկսելու իր պրակտիկան: Համալսարանը ուսանողին երկրորդ կուրսից սկսած ուղարկում է կրթական որևէ հաստատություն՝ ուսումնաճանաչողական պրակտիկա անցնելու: Կարծում եմ, սա հիանալի հնարավորություն է ուսանողին ավելի լավ ծանոթանալ իր մասնագիտությանը և ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել:
Վստահ եմ, որ հանրության մի ստվար զանգված դեռևս չի տարբերակում հոգեբանին հոգեբույժից: Կասե՞ք, թե որն է ամենաառանցքային տարբերությունը:
Ցավոք, բայց այս ամենը վերաբերում է հասարկության միայն որոշ շերտերին, որոնք հոգեբանի և հոգեբանության մասին սահմանափակ գիտելիքներ ունեն, ինչպես նաև հոգեբանին այցելում են միայն հոգեկան խանգարումներ ունեցող, շեղված կամ, ինչպես ոմանք են ասում, այն մարդիկ, ում «գլխի հետ մի բան այն չէ», խուսափում են հոգեբանի մոտ այցելությունից, անկախ իրենց ծայրահեղ վիճակից:
Հստակ նշում եմ, որ հոգեբույժը բարձրագույն բժշկական մասնագիտություն ունեցող անձն է, որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ և խանգարումներ ունեցող մարդկանց հետ և իրականացնում է բուժում դեղամիջոցների օգնությամբ, իսկ հոգեբանը աշխատում է միայն առողջ մարդկանց հետ և ոչ մի պարագայում իրավունք չունի դեղեր նշանակելու:
Ի՞նչ թեմայով եք գրում Ձեր մագիստրոսական թեզը: Ո՞րն է լինելու Ձեր կողմից ներկայացվող գիտական նորույթը:
Մագիստրոսական աշխատանքս լինելու է զինծառայողների գործունեության արդյունավետությունը պայմանավորող հոգեբանական մեխանիզմների թեմայով: Քանի որ հետազոտական աշխատանքս դեռ ավարտին հասցված չէ, բայց ակնկալում եմ, որ գիտական նորույթս պայմանավորված է լինելու այն առանձնահատկություններով, որոնք ազդում են զինծառայողների գործունեության արդյունավետության վրա:
ՀՊՄՀ-ի Հոգեբանության մագիստրոսական ծրագրում ի՞նչ առարկաներ են ներառված:
Պետք է նշեմ, որ մագիստրատուրայում առարկաների ցանկը հագեցած է: Բայց կան առավել կարևոր և նեղ մասնագիտական առարկաներ, դրանցից է, օրինակ, սթրեսի կառավարումը, հիպնոս և հիպնոթերապիան, անձի հոգեբանական պրոբլեմները, անձի անհատական զարգացումը և այլն:
Որքա՞ն ժամանակով են ֆակուլտետում ուսումնասիրում օտար լեզուները և ի՞նչ ընթացակարգով:
Համալսարան ընդունվելու պահից սկսած՝ մեզ առաջարկում են չորս լեզուներից ընտրել մեկը՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն: Ստացվում է, որ ուսանողը հենց առաջին կուրսից սկսած ունի լայն հնարավորություն սովորելու նախընտրած լեզուներց մեկը մինչև ավարտական կուրս:
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա հոգեբան-մանկավարժներին:
Ե՛վ մանկավարժություն, և´ հոգեբանություն մասնագիտությունները դասվում են մարդ-մարդ հարաբերությունների տեսակին: Հետևաբար, երկու դեպքում էլ մենք գործ ունենք մարդու հետ: Ուստի այս մասնագիտությունը ընտրելիս ապագա մանկավարժ-հոգեբանին խորհուրդ կտամ, որպեսզի հոգեպես և ֆիզիկապես պատրաստ լինի յուրաքանչյուր մարդու հետ աշխատելու: Հաջողված մանկավարժ-հոգեբանը պետք է կարողանա յուրաքանչյուր մարդու հետ շփում հաստատի, հասկանա նրանց և ուսումնասիրի նրանց տարիքային առանձնահատկությունները: Երբեք չպետք է սահմանափակվի ունեցած գիտելիքներով, այլ ուսումնասիրի տարբեր մոտեցումներ և մեթոդներ: Թերևս սրանք են իմ ամենակարևոր խորհուրդները ապագա հոգեբան-մանկավարժներին:
Օլյա Շահինյան