Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանական ընդդիմությունը, որի բառամթերքում քաղաքական եզրույթներից ու տերմիններից առավել գերակշռում են օրվա իշխանության հասցեին ամենատարբեր պիտակները, ասենք, օրինակ՝ «դավաճան, ազգակործան, երկիր հանձնող, հող տվող», վերջին օրերին փոխել է խոսույթը, փոխվել են նաև նրանց պահանջները:

Եթե նախկինում օրվա իշխանությանը մեղադրում էին, այսպես ասած, երկրի գլխին պատերազմներ ու արհավիրքներ բերելու համար, այժմ մեղադրում են խաղաղության պայմանագրի տեսքը համաձայնեցնելու, և/կամ խաղաղությանը մոտենալու համար:

Բանն այն է, որ իրեն արմատական ընդդիմության առաջամարտիկ համարող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո մեկ շաբաթ մտածելով, եկել է այն եզրակացության, որ ադրբեջանական կողմը, ըստ էության, ճիշտ է, այն է, որ սա ոչ թե պայմանագիր է, այլ համաձայնագիր, ինչը ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, և որ չունի իրավական ուժ, իսկ դրա խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում:

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Լևոն Քոչարյանը ծիծաղաշարժ հայտարարություն է արել, սակայն պետք է նկատել, որ իրենց ոչ թե հետաքրքրում է, թե ինչ կետերի շուրջ է համաձայնությունը, որոնք են ռիսկերը, որոնք են հնարավորությունները, այլ կարևոր է, որ խաղաղություն չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Ըստ Բլեյանի՝ նման հայտարարությունները միտված են պայմանագիրը նսեմացնելուն, կարևորությունը ստորադասելուն և ընդհանրապես դրա նշանակությունը չեզոքացնելուն:

Խաղաղության պայմանագիրը, ըստ Բլեյանի, կստորագրվի այն դեպքում, եթե Իլհամ Ալիևի համար չստորագրելը դառնա խնդրահարույց, և շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները գործուն աջակցություն ցուցաբերի դրան, քանի որ կան նաև տնտեսական շահեր՝ միջին միջանցք ասվածը, որում շահագրգռած է ԱՄՆ-ն: 

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

 

780