Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա են գտնվել ազգային ակադեմիական երգչախմբի փորձին, հետևել ստեղծագործական գործընթացին, շփվել անվանի երաժշտի և երգչախմբի անդամների հետ։

Անահիտ Մանասյանը՝ արժևորելով մշակութային գործիչների դերը Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում, ընդգծել է մշակութային իրավունքների իրացման կարևորությունը։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Չեքիջյանին՝ ազգային երաժշտարվեստին մատուցած անգնահատելի ծառայության համար՝ շեշտելով, որ մշակույթի ազատ արտահայտումն ու տարածումը մարդու հիմնարար իրավունքներից է։

Անահիտ Մանասյանի խոսքով` նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ևս մեկ անգամ վկայում են պետական ինստիտուտների՝ մշակութային քաղաքականության խթանման հանձնառության մասին:

Այցը կարևոր առիթ էր ոչ միայն մեծանուն արվեստագետին հարգանք մատուցելու, այլև հայ երաժշտական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին, Պաշտպանի լիազորությունների շրջանակում, աջակցելու տեսանկյունից։

298