
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցող իրավական գործընթացներն իր անձի հետ կապելու խոսակցություններին:
«Գյումրիում տեղի ունեցող իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկի արդյունք:
Քաղաքական պրոցեսները Հայաստանի Հանրապետությունում 2018-ից սկսած չեն միահյուսվում իրավական քայլերի հետ, առավել ևս կապ չունեն իմ անձի և մերձավորների հետ:
Պաշտոնապես և պատասխանատու հայտարարում եմ՝ ձեր բոլոր շահարկումներն անհիմն են և անտեղի, դրանք նպատակ ունեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել, շեղել բուն ընտրական գործընթացից:
Այս ընտրապայքարում ես բացարձակ առաջատար եմ: Մենք ունենք վաստակած վստահություն, հարգանք և պատիվ:
Այս ընտրությունները մեզ համար մեր ծառայությունը շարունակելու բնականոն ընթացքի մասին են` մեր որդեգրած սկզբունքներով և քաղաքի շենացման մեր հստակ ծրագրով»,- գրում է պատգամավորը:
Հիշեցնենք, որ իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ են իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբերում:
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ: