Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Անկախ դիտորդ» դաշինքը շրջիկ դիտորդական առաքելություն է իրականացնում Փարաքար և Գյումրի համայնքներում շրջիկ խմբերի միջոցով, որոնք հետևում են ինչպես տեղամասային կենտրոններրում և մատույցներում, այնպես էլ 2 համայնքներում տիրող իրավիճակին և ընտրությունների հետ կապված իրադարձություններին:

Առաքելության դիտորդները առավոտյան 7:00-8:00 ժամանակահատվածում դիտարկել են Գյումրիում թվով 8 և Փարաքարում 4 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվող նախապատրաստական նիստը և տեղամասերի բացումը ընտրողների համար:
Ժամը 9։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 32 տեղամաս, որից 25-ը՝ Գյումրիում, 7-ը՝ Փարաքարում։

Դիտարկված տեղամասերում հանձնաժողովի առավոտյան նիստը անցել է առանց միջադեպերի:

Հանձնաժողովի նիստը 2 տեղամասերում սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնք վերաբերել են անհրաժեշտ գործողությունների հերթականությունը: Մեկ տեղամասում հնարավոր չի եղել դիտարկել հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը՝ ՏԸՀ անդամների պնդմամբ այն իրականացվել և արձանագրվել էր նախորդ օրը:

Գյումրիի մեկ տեղամասում անբավարար է համարվել քվեարկության սենյակի տարածքը քվեարկությունը կազմակերպելու համար, ևս մեկում լուսավորությունը՝ հանձնաժողովի աշխատանքի և քվեարկության համար: Նշենք, որ քվեախցիկների հատվածում բավարար լուսավորության բացակայությունը կարող է հանգեցնել թույլ տեսողությամբ անձանց կողմից բաց քվեարկության:

Բացառությամբ մեկ տեղամասի, որում առհասարակ նիստին ներկա չէին քաղաքական ուժերի վստահված անձինք, մյուսներում վերահսկողությունը իրականացնում էին մեկից ավելի կուսակցությունների վստահված անձինք:

Դիտարկված հանձնաժողովներից միայն մեկում տեղամասը բացվել է ընտրողների համար 8:00-ից ուշ:

Նշված տեղամասերից 7-ում տարածքն անբավարար է ընտրողների և քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար։ Քվեասենյակի լուսավորությունն անբավարար է 6 տեղամասում և քվեախցիկի լուսավորությունն անբավարար է 4-ում։ Քվեախցիկի դիրքը խնդրահարույց էր Գյումրիի մեկ տեղամասում և, հանձնաժողովի նախագահի ուշադրությունը գրավելուց հետո, քվեախցիկների դիրքը փոխվել է։ Կահավորումն ընդհանուր առմամբ անհարմար է գնահատվել 2 տեղամասում։

262