
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների դիտարկմամբ զբաղվող «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 14։30-ի դրությամբ 19 խախտում է արձանագրել Գյումրիում, 14 ընտրախախտում՝ Փարաքարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Մասնավորապես արձանագրել ենք վիճաբանության 4, քվեարկության 3, դիտորդի իրավունքների խախտման 2 դեպք, մեկը Գյումրում, մյուսը՝ Փարաքարում։ Գյումրիում դիտորդի իրավունքների խախտման հետ կապված արդեն իսկ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն, տեղի ունեցած խախտման վերաբերյալ։
Արձանագրվել են նաև տեղամասում գտնվելու իրավունք չունեցողի՝ տեղամասում մշտապես գտնվելու խախտման 6 դեպք, որոնցից 6-ը՝ Գյումիրիում, 1-ը՝ Փարաքարում»,-նշեց Դանիել Իոաննիսյանը։ Խախտումների թվում վերջինս հիշատակեց նաև վստահված անձանց կողմից իրականացվող ընթացակարգային խախտումները՝ արձանագրվել է այդպիսի 9 դեպք, որոնցից կեսը կոնկրետ մեկ կուսակցության մասով։ Այդ մասին հրապարակումներ կարվեն քվեարկության ավարտից հետո։ Խախտումենրի թվում եղել է նաև քվեաթերթիկ չտալու 1 դեպք, երբ քվեաթերթիկների ամբողջ սպեկտորը չի տրվել ընտրողին և ընտրություններին մասնակցող մեկ քաղաքական ուժի քվեաթերթիկ բացակայել է։ Խախտման այս դեպքն արձանագրվել է Գյումրիում։
«Մեր արձանագրումից հետո եղան ընտրողներ, որոնք ասացին, որ իրենց էլ են նման կերպ տրամադրել՝ պակաս քվեաթերթիկով։ Սա նշանակում է, որ հիշյալ տեղամասում երևույթը պարբերական բնույթ է ունեցել»,-նկատեց դիտորդական առաքելության ներկայացուցիչը։ Նա մի՝ իր բնութագրմամբ «էպիկ դեպքի» մասին էլ պատմեց՝ տեղամասերից մեկում տեղի է ունեցել քվեարկության կտրոնի հափշտակության դեպք՝ քաղաքացին հափշտակել է ինքն իր քվեարկության կտրոնը։ Իոաննիսյանը, ի պատասխան հարցի՝ ինչպե՞ս կբնութագրեք ընտրությունների անցկացման առաջին կեսը, արդյոք խախտումները համատարած են, շատ են, թե քիչ՝ ի համեմատ նախորդ ընտրությունների՝ նշել է՝ կան խախտումներ, որոնք պարբերական, կրկնվող խախտումներ են, կան խախտումներ, որոնք եզակի են, կան խախտումներ, որոնք դիտորդություն իրականացնելու իրենց պրակտիկայում առաջին անգամ են տեսնում։ «Ամեն դեպքում, բոլոր երևույթները պետք է ամբողջականության մեջ դիտարկել և գնահատականները, թե որքանով կարող էին դրանք ազդել [ընտրությունների վրա], այդ գնահատակնները մենք կարող ենք տալ վաղվա ասուլիսում։ Որովհետև այդ գնահատակնների մեջ մտնում է թե նախընտրական փուլը, թե քվեարկության փուլը, թե հաշվարկի փուլը։ Մենք դեռ չգիտենք, թե հաշվարկի փուլն ինչպես է լինելու կամ՝ քվեարկության մնացած՝ 5 ժամերի ընթացքում ինչ է լինելու»,-նշեց Իոաննիսյանը։
Աղբուր՝ civic.am