

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մանրամասն ներկայացրել է, թե 45 հա տարածք նշելով, որտեղ է քաղաքապետարանը ծառեր տնկել: Ի պատասխան այդ մասին հարցեր բարձրացնողներին՝ նա առաջարկել է այցելել Եռաբլուրին հարակից լանջեր: «15 հեկտար տարածքում ստեղծվել է քաղաքային ուրբան անտառ, որտեղ օգտագործվել են բազմաթիվ պտղատու ծառեր, հիմնականում՝ ծիրանենիներ», - նշել է նա:
Ըստ Բեգոյանի՝ ծառատունկ է իրականացվել նաև Մարզահամերգային համալիրին հարակից՝ քաղաքապետարանին պատկանող 8.5 հեկտար հողատարածքում: «Մնացած տարածքը պատկանում է այլ գերատեսչության, և մենք, որպես քաղաքապետարանի կառույց, իրավասություն չունենք այդտեղ ծառեր տնկելու», - պարզաբանել է նա:
Նա հայտնել է, որ ծառեր են տնկվել նաև Հաղթանակ զբոսայգուն հարակից լանջերին՝ 5 հեկտար տարածքում: «Նորքի երբեմնի այգիներում վերջերս 7 հեկտար տարածք ենք կանաչապատել: Բացի այդ, 1 հեկտար տնկել ենք Ավանի լանջերին, 1 հեկտար՝ Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Լյուքսեմբուրգի փողոցին հարող տարածքում: Իսկ «Փարոսի» բլրի վրա ստեղծել ենք ագրոանտառ, որտեղ 4-5 հեկտար դեռ մնացել է, և այն հիմնականում պատված է պտղատու ծառերով», - հավելել է նա:
Ի պատասխան քաղաքում միայն սակուրաներ տնկելու մասին մեղադրանքների՝ նա նշել է. «2022 թվականից մինչև վերջերս քաղաքապետարանը ձեռք է բերել 100 սակուրա, որոնցից մի քանիսը դեռ տնկված չեն: Սակայն, եթե ենթադրենք, որ բոլորն էլ տնկվել են, 20,000 ծառերի մեջ սակուրաները կազմում են ընդամենը 100-ը»: