Քաղաքապետարանի կողմից գնված ծառատեսակներից սակուրան կազմում է 4-5 տոկոս, մնացած ծառատեսակները հիմնականում ավելի մեծ սաղարթով են, ինչպես սոսին, կաղնին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Եղան բազմաթիվ շահարկումներ, փորձվեց ներկայացնել, որ քաղաքապետարանը ամբողջ քաղաքը պատրաստվում է սակուրաներով պատել, դա այդպես չէ, սակուրաներ ձեռք ենք բերել ընդամենը 150 հատ՝ նախատեսվող 2500 ծառից»,- ասաց նա և նշեց, սակուրաները կլինեն մեր վարդագույն քաղաքը գծագրող մեծ ճարտարապետի արձանի դիմացի փողոցում:

«Ընդհանուր առմամբ հատվել է 31 ծառ, դրան գումարած 8 ծառ, որոնք փոքր և տարբեր տեսակների էին, դրանք հանվել և տեղափոխվել են տնկարան»,- ասաց նա

Տիգրան Ավինյանն ասաց, որ այստեղ կա որոշակի թերացում: «Մենք ասելով՝ առաջին հերթին ինձ նկատի ունեմ»,- ասաց նա և նշեց, որ լրատվական հոսքից այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ քաղաքն է պատվելու սակուրաներով:

Նա նշեց, որ Կասկադը Երևանի սիրտն է և թե որ ծառատեսակով այն զարդարել՝ դա այն հարցերից է, որ պետք է դրվի հանրային քննարկման: «Մենք Երևան քաղաքում մոտավորապես 200 հազար ծառ պետք է տնկենք 7- 8 տարվա ընթացքում և պետք է ունենանք տնկարաններ»,- ասաց նա:

 

312