
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 23-29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ընդհանուր կազմակերպման սկզբունքներն ու առաքելությունները, ինչպես նաև Ֆրանսիայի ՆԳՆ կառուցվածքը։ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի նախագահ, ավագ կամավոր հրշեջ, փոխգնդապետ Ժան-Պոլ Բոսլանդի, ինչպես նաև Անսի, Գրենոբլ և Վալանս քաղաքների վարչական հրշեջ-փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների փորձը, ինչպես նաև ներդրված ծառայությունների և անձնակազմի կառավարման մեխանիզմները՝ Հայաստանում կամավորական համակարգի զարգացման նպատակով։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման և հաղորդակցման մեխանիզմներին, սպառնացող աղետների ռիսկերին և դրանց արձագանքման միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների շղթային, հրշեջ-փրկարարական օպերատիվ կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հրշեջ սպաների ազգային ակադեմիայի (ENSOSP) ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ-փրկարարների և կամավորների վերապատրաստման գործընթացին։ Այցելել են նաև գերատեսչական և քաղաքային հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր շտաբ, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոններ, մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Մի շարք քննարկումներ տեղի են ունեցել ուսուցման նորարարական մեթոդների, ճգնաժամային կառավարման, INSARAG ՔՈՓ թիմերի և շինարարական ռիսկերի կառավարման վերապատրաստման գործընթացների վերաբերյալ։
Այցի ավարտին պատվիրակության անդամները եղել են ջրափրկարարական ջոկատում, տեղում ուսումնասիրել տեխնիկական հագեցվածությունը, հետևել ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման և անօդաչու թռչող սարքերով հետախուզական աշխատանքների իրականացման ընթացքին։ Փորձի փոխանակման շրջանակում նման միջոցառումները նպաստում են ոչ միայն երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի զարգացմանը, արդիականացմանը և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։