
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինն է հանրապետությունում, ինչը մեզ հանցագործությունների բացահայտման և քրեական վարույթների արդյունավետ քննության մեծ հնարավորություններ է ընձեռում։ Այս առումով հատկապես կարևորում եմ օպերատիվ աշխատակցի և քննիչի համագործակցված աշխատանքը: Օպերատիվ և քննչական մարմինների կողմից համատեղ պլանավորված և մեկմեկու փոխլրացնող աշխատանքի շնորհիվ կարող են հեշտությամբ բացահայտվել և քննվել նույնիսկ ամենաբարդ թվացող կամ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը։ Քրեական վարույթների արդյունավետ քննության տեսանկյունից ցանկանում եմ ընդգծել նաև տևական ժամանակ քննվող վարույթների արագ հանգուցալուծման կարևորությունը»,- նշել է Արթուր Նահապետյանը։
Անդրադառնալով կադրային քաղաքականությանը և այդ կապակցությամբ իր մոտեցումներին՝ Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ իր համար յուրայիններ չկան։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է երեք կարևոր հատկանիշների հիման վրա՝ ազնվություն, նվիրվածություն, աշխատանք. «Պատրաստ եմ ճանապարհ անցնել յուրաքանչյուրիդ հետ, ով կհամապատասխանի այս չափանիշներին»,- ասել է Արթուր Նահապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է իրավապահ մյուս մարմինների հետ գործընկերային հարաբերությունների պահպանումն ու զարգացումը՝ նշելով, որ Կոմիտեի առաջնային նպատակներից է լինելու նաև կառույցը բարեվարք, իրենց առաքելությանը նվիրված և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելը, ինչպես նաև հայաստանյան, արտասահմանյան և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը:
Արթուր Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա անհրաժեշտ կամք և վճռականություն՝ իր առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու համար: