
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանդիպել եւ զրուցել է Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոցի աշակերտների հետ։
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցի աշակերտներին հյուրընկալել է խորհրդարանական Տիգրան Պարսիլյանը։
Պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընդունել է Երեւանի Ռուբեն Սեւակի անվան թիվ 151 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների:
Լոռու մարզի Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դաս» են անցկացրել խորհրդարանականներ Արփինե Դավոյանը եւ Շիրակ Թորոսյանը։
Պատգամավոր Սոնա Ղազարյանը զրուցել է Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մհեր Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ:
Երեւանի Գեւորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի սաների հարցերին պատասխանել է խորհրդարանական Ալխաս Ղազարյանը:
Պատգամավոր Էդգար Հակոբյանը հանդիպել է Երեւանի թիվ 109 ավագ դպրոցի աշակերտների հետ։
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը։
Պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Արմենուհի Ղազարյանը զրուցել են Արարատի մարզի Արեւաբույրի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպումների ընթացքում դպրոցականներին են ներկայացվել օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործառույթները, պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները։
Քննարկումներ են ծավալվել կրթական ոլորտում առկա խնդիրների, Հայաստանի տարբեր մարզերում մշակութային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերի, գյուղատնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումների, երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական եւ արդյունաբերական ոլորտների զարգացման հեռանկարի վերաբերյալ:
Այցելուները եղել են օրենսդիր մարմնի գրադարանում եւ թանգարանում»,-ասված է հաղորդագրության մեջ: