
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի:
Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը:
Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի քաղաքապետարանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ: Ծրագրի աջակիցը Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունն է:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով աշխատանքային խմբի անդամներին, ընդգծել է, որ կրթական ծրագրերում թվային տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ աշխատանքների արդյունքն առաջին հերթին պետք է տեսանելի լինի քաղաքացիների համար:
«Պետք է հասկանալ, թե որ իրավիճակներում է քաղաքացին առնչվում կրթություն ստանալու իրավունքի իրացմանը, և կրթական ծառայություններին հասանելիության և բարելավման առումով ինչպիսի ազդեցություն կունենա կրթական գործընթացների թվայնացումը: Հիմնական նպատակն է՝ հարցերին մոտենալ վերջնական շահառուի՝ քաղաքացիների տեսանկյունից՝ հստակեցնելով նրանց կարիքը կրթական հաստատության, պետության կամ այլ մարմինների հետ հարաբերություններում:
Պետք է հասկանալ՝ որքանո՞վ է տարբեր գործառույթների թվայնացումն իրականում հեշտացնում քաղաքացիների համար տարաբնույթ հարցերի կարգավորման ճանապարհը: Արդեն իսկ իրականացված և նախատեսվող աշխատանքները պետք է նպաստեն, որ մի շարք գործընթացներ քաղաքացիների համար դառնան ավելի մատչելի, հասանելի և դյուրին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ կրթության թվայնացման գործընթացում առաջիկա կարևոր անելիքը ճանապարհային քարտեզի կազմումն է: ԿԳՄՍ նախարարը նաև նշել է, որ կան մշակված մեթոդաբանություններ, որոնք կարող են կիրառելի լինել տարբեր ծառայությունների բարելավման համար:
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի խոսքով՝ նախատեսվում է իրականացնել տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն՝ գործընթացն ամբողջացնելու նպատակով:
Նշենք, որ Հայաստանի թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է՝ կյանքի իրադարձությունների թվայնացումը կբարելավի հանրային ծառայությունների որակը՝ նպաստելով քաղաքացիների և հանրային տարբեր շերտերի կարիքների ապահովմանը՝ ձևավորելով քաղաքացուն միտված ծառայությունները (User centered): Թվայնացման գործընթացների շրջանակում նախատեսվում է նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը, ֆիզիկական գրասենյակներ այցելությունները և այլն:
Թվայնացման արդյունքում կբարելավվեն առցանց հարթակում հասանելի կրթական ծառայությունները՝ երեխային մանկապարտեզում և դպրոցում գրանցումը, բուհեր և ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը, հաստատության փոփոխությունը, ավարտական վկայականների ստացումը և այլն: Միաժամանակ, թվային կդառնան նաև մի շարք այլ ծառայություններ՝ աջակցության ծրագրերին դիմելը, կրթական հարթակներին հասանելիությունը և ինտերակտիվ տվյալների փոխանակումն այլ գերատեսչությունների հետ։