Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը։

«1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեց ադրբեջանական ուժերի կողմից, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է:

Այս վայրագությունները փաստագրված են եղել Human Rights Watch-ի  և Amnesty International-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։

Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ:

Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերին, մենք հիշեցնում ենք, որ նման վայրագությունների կանխարգելումը և կայուն խաղաղության հասնելը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը»,- ասվում է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: 

269