Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին այցելել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների համար։

Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։

Իր ելույթում Պաշտպանը շեշտել է դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների կրթության ամրապնդման արդյունավետ միջոց։

«Կրթությունն ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխ և հանդուրժող միջավայրի ձևավորման համատեքստում ունի առաջնային կարևորություն։ Այսօրվա քաղաքակիրթ աշխարհում անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը առանց կրթական պատշաճ միջավայրի»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն աշակերտներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղությունները, լիազորությունների շրջանակը, խոսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին կից երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։

Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ՝ ընդգրկելով մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ իրավահավասարություն, խտրականության բացառում, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն։

Քննարկվել են նաև բուլինգի, դրա բացասական հետևանքների ու կանխարգելման միջոցների հետ կապված հարցեր։

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը սեփական միջավայրում որևէ դրական փոփոխության իրականացնելու, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:

Այցի ավարտին Անահիտ Մանասյանը շրջել է դպրոցում՝ տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին, դպրոցական առօրյային և զրույցներ է ունեցել դպրոցի տնօրինության և անձնակազմի, ինչպես նաև աշակերտների հետ։

160