Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնում է, որ Լիբանանում ՀՀ դեսպանատանը կան ցուցակարգրված լիբանանահայեր, ովքեր Հայաստան գալու և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զարեհ Սինանյանն այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։

 

Սինանյանն ընդգծեց, որ դեսպանատանը ցուցակարգված մարդկանց բաժանել են մի քանի կատեգորիաների։ Առաջին կատեգորիայում այն մարդիկ են, որ բացահայտորեն ուզում  են գալ Հայաստան  և չեն կարող իրենց հնարավորություններով գալ։ Բնականաբար, մենք նախատեսում ենք, որ նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան»,- ասաց Սինանյանը՝ մանրամասնելով, որ որքան հնարավոր է շուտ ՀՀ գալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է։

Նրա խոսքով՝ ցուցակարգվածների մյուս կատեգորիաներն ավելի մեծաթիվ են։ «Սա այն մարդիկ են, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարող  հիմա գալ, որովհետև ուզում են իրենց անշարժ գույքի հարցը լուծել, ուզում են այս ավերածությունների հետո պարզել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում»,- մանրամասնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

 

Զարեհ Սինանյանը հավելեց, որ  Լիբանանում հայկական պատվիրակությունը  հանդիպումներ կունենա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, առաջնորդարանների, կուսակցությունների ներկայացուցիչների, կրոնական խմբերի, հասրակական կազմակերպությունների հետ։ «Մենք հատուկ ուզում ենք անհատների հետ հանդիպել, այցելել հայաշատ թաղամաս,  ոչ միայն ավերածությունը տեսնելու համար, այլ տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների տրամադրություններին, հասկանալու, թե ինչով են ապրում, ինչ խնդիրներով են ապրում, ինչ ցանկություն ունեն, որքանով է հայրենադարձության գաղափարը իրենց մոտ ամրապնդված և լուրջ, որովհետև, հիմնվելով այդ ամենի վրա, ինչ տեսնենք, կազմելու ենք մեր հետագա քայլերը»,- ասաց նա։

 

Նա նաև հայտնեց, որ Լիբանան մեկնող ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար  Սառա Անջագոլյանը,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ 

373