
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ։ Այս մասին Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ներկայացնելով վավերացման մասին օրինագիծը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործման մակարդակը, ինչպես նաև ապահովել առողջապահական ծախսերի առավել արդյունավետ օգտագործում ու նվազեցնել ֆինանսական խոչընդոտները՝ առողջապահական ծառայություններից օգտվելու ճանապարհին։
«Սա առաջին վարկային ծրագիրն է Համաշխարհային բանկի հետ, որտեղ մենք արդյունքների վրա հիմնված համաձայնագիր ունենք։ Այսինքն՝ մի քանի տարիների համար գծագրվել են, նախանշվել են այն արդյունքները, որոնց Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, պետք է հասնի ռեֆորմների միջոցով, և միայն այդ դեպքում վարկային միջոցներից առհանումներ կարվեն պետական բյուջե, որը կհամալրի առողջապահության բյուջեն»,– նշեց նա։
Վարկը նախատեսվում է տրամադրել լողացող տարեկան տոկոսադրույքով։ Մայր գումարի մարումը նախատեսվում է սկսել 2039 թվականի հուլիսի 15-ից և ավարտել 2049 թվականի հունվարի 15-ին։