
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Պարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել՝
- բալետի արտիստ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը.
- Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ԵՐԳԻ-ՊԱՐԻ պետական անսամբլի պարախմբի արտիստ Արթուր Հայրապետյանը.
- ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասական պարի դասախոս Վլադիմիր Շահվերդյանը.
- «Հաճըն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Ավետիսյանը.
- «Վալենս» և «Զանգեզուր» պարային համույթների գեղարվեստական ղեկավար Վահագն Գասպարյանը:
Նախարարը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ոլորտում ներդրած ջանքերի համար:
«Արվեստն ու մշակույթը բացառիկ ուժ և ոգևորություն են փոխանցում և մշտապես օգնում են թե՛ հանրային, թե՛ պետական մակարդակում՝ դիմակայելու մարտահրավերներին և հաղթահարելու դժվարությունները։ Տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ թվում է՝ ամեն ինչ հնարավոր է ստեղծել թվային գործիքների կիրառմամբ, առանձնակի կարևորվում է ստեղծագործելու հատկությունը, որը մարդուն դարձնում է անկրկնելի ու անփոխարինելի»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ պարարվեստի ներկայացուցիչներին ուղղված գնահատանքը միտված է նաև հանրության շրջանում նրանց գործունեության տեսանելիության բարձրացմանը, պարարվեստի հանրահռչակմանը:
Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է պարի տարածումը և ուսուցումը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի՝ վերջերս ներդրված սոցիալական կրեդիտի համակարգը նպաստավոր է երեխաների շրջանում պարարվեստը խրախուսելու համար: Այս համատեքստում նա կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին՝ առավել ակտիվորեն մասնակցել պարը հանրության շրջանում տարածելու և հասանելի դարձնելու գործընթացին։