
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։շ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելու կարևոր աղբյուր։
Նախագահը բարձր է գնահատել նաև համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, որն ուղղված է հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում և միջազգային հարթակներում Հայաստանի դերի բարձրացմանը։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նաև համագումարի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը ՝ ընդգծելով դրանց նշանակությունը մեր երկրի զարգացման գործում։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի՝ COP-17-ի կարևորության վերաբերյալ:
Այս համատեքստում Համագումարի ներկայացուցիչները նախագահին մանրամասներ են ներկայացրել Համագումարի աջակցությամբ Հայաստանում իրականացվող տարբեր նախագծերի՝մասնավորապես 1994թ. Քերոլայն Մուգարի նախաձեռնությամբ հիմնադրված «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» (ATP) բարեգործական հիմնադրամ) գործունեության վերաբերյալ:
1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգնվել են ավելի քան 8 միլիոն ծառ և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր:
«Էյ Թի Փի»-ի աշխատանքներն ուղղված են Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ կենտրոնացված ռեսուրսներով անտառվերականգնման աշխատանքները ֆինանսավորելու միջոցով:
«Էյ Թի Փի»-ի ծրագրային հիմնական նպատակներն են՝
1) ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում,
2) բնապահպանական կրթություն,
3) կայուն զարգացում և աղքատության կրճատում:
2004թ. «Էյ Թի Փի»-ն ընդլայնել է իր ծրագրերը՝ ներառելով բնապահպանական կրթությունը: Միևնույն ժամանակ «Էյ Թի Փի»-ն հրատարակել է Հայաստանում առաջին բնապահպանական կրթական ձեռնարկը, որը կոչվում է «Գաղափար տնկիր, ծառ տնկիր» և Կարին ու Մարգահովիտ գյուղերում հիմնեց Մայքլ և Վերջինիա Օհանյանների բնապահպանական կրթական կենտրոնները: Ծրագրի ընդլայնման արդյունքում հիմնվել է շուրջ 300 դպրոց: