Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության վերջին մրցումային օրը մեդալի համար կպայքարեն Հայաստանի 2 ներկայցուցիչներ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Դեկտեմբերի 13-ին պայքարի մեջ մտած Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում վիճահարույց մրցավարության պայմաններում 1։5 հաշվով պարտվել էր ռուս Մուսա Եվլոևին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Միակ սփոփիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը կգոտեմարտի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ:

 

Դավիթ Օվասապյանը (130 կգ) ևս պայքարի մեջ էր մտել դեկտեմբերի 13-ին և 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 0:8 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմենովին, որը դուրս է եկել եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Օվասապյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Միկոլա Կուչմիին:

 

Հիշեցնենք, որ 10 ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը նախորդ 2 մրցումային օրերի արդյունքում նվաճել է 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) գրավել է երկրորդ տեղը, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվել էր բրոնզե մեդալի համար պայքարում: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք հաջողության չեն հասել:

 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 16-18-ը աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հանդես կգա 8 ըմբիշով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

 

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

14 Դեկտեմբեր, 2020 11:25
244