
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Հայաստան շատ խոսուն վկայություն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության, և ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ն, Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի մասնակցության առումով։ Իհարկե, հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ, և մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար։ Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարվա գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար և ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է։ Այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին և ստացել աջակցությունը, ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։
Իհարկե, մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են, մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, այդ թվում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով, նաև մենք քննարկեցինք ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ։
Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր և կոնկրետ նախագծեր»,- հավելեց Փաշինյանը։