Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գիտության ոլորտը մեր Կառավարության ամենակարևոր առաջնահերթություններից է: Պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել մի քանի պարզ թվեր, որոնք ցույց են տալիս նաև մեր քաղաքականությունն այս ուղղությամբ և, մասնավորապես, ֆինանսավորման ընդհանուր ծավալների աճը, որ 2018 թվականի համեմատ կազմում է 280 տոկոս, և այդ իմաստով արդեն 40.2 մլրդ դրամ ֆինանսավորման մասին ենք խոսում գիտության ոլորտում, ինչը եթե բովանդակային առումով նայենք, ապա մի քանի ուղղություններով էական աշխատանքներ կատարելու հնարավորություն է տվել, և դրանից կուզեի առանձնացնել մի քանիսը: Մասնավորապես՝ մենք գիտության ոլորտում միայն բազային ֆինանսավորմամբ գիտնականների աշխատավարձերի շուրջ 300 տոկոս աճ ունենք: Ֆինանսավորման տրամաբանությամբ բազային աշխատավարձերի իրավիճակ ունենք, երբ մարդիկ ամսական 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սրան գումարվում են տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերը, որոնց շրջանակներում այս գումարը կարող է ընդհուպ կրկնապատկվել: Մենք ունենք գիտնականներ, որոնք շատ ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան պետական պաշտոնյաները: Կարծում եմ, որ սա առաջին հերթին ուղիղ ցուցիչ է Կառավարության վերաբերմունքի՝ գիտության ոլորտին»,- նշեց նախարարը:

«Մենք բազմապատկել ենք կապիտալ սարքավորումներին ուղղված ծախսերը գիտության ոլորտում, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի մեզ մոտ այսօր իրականացվեն այնպիսի հետազոտություններ, որոնց համար նախկինում մեր գիտնականները պետք է գտնվեին արտերկրի լաբորատորիաներում: Մեր գիտությունը դառնում է միջազգայնորեն ավելի մրցունակ: Սա է ցույց տալիս գիտական հրապարակումների ընդհանուր ծավալը, որը մենք տեսնում ենք, և պետք է ասեմ, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում մեր հրապարակումների թվերը նախորդ տարեվերջի արդյունքներով պատմական ռեկորդներ են սահմանել:

Օրինակ՝ Web of science գիտատեղեկատվական շտեմարանի տվյալներով՝ մեր հրապարակումների թիվը 2024 թվականի տարեսկզբի համար 1205 է եղել՝ նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40 տոկոսով գերազանցելով: Նմանատիպ արդյունքներ ունենք նաև Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականներում հրապարակումների, որտեղ ունեցել ենք 2019 հրապարակում, ինչը 14 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա հրապարակման ցուցանիշը: Սա ցույց է տալիս, որ մեր գիտությունը դառնում է միջազգայնորեն մրցունակ և հնարավորություն է  տալիս, որ այստեղ այնպիսի գիտական արդյունք ստանանք, որը կարող է տեխնոլոգիական և առևտրայնացման տեսանկյունից մեր երկրի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ բացել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: 

483