
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին ապրել են ՀՀ տարածքում: Հիմա ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այսինքն՝ մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի՞ս: Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել և շփվել»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ պետք է հասարակություններին պատրաստել դրան, և այս համատեքստում հիշեցրեց ֆրանսիացիների և անգլիացիների օրինակը, ըստ որի՝ 100 տարի իրար դեմ պատերազմելուց հետո դաշնակից են դարձել, հիմա միասին այլ երկրներ են ռմբակոծում:
«Ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մեր հասարակությունները կկարողանան ապրել իրար հետ: Ասում եմ՝ առևտուր են անելու:
Ժողովո՛ւրդ, Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել: Անուններ չտամ: Կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել: Վերջացրե՛ք, մի՛ ապրեք հեքիաթների մեջ, թե առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու ու իրար բարև չտանք»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից օգտագործվող «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությանը՝ Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա և չի էլ կարող լինել, բայց նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից թեմայի շահարկման պատճառ կա, այն է՝ դա Ղարաբաղի ներկայացուցիչների՝ ԱԺ նախագահ ընտրելու հայտարարությունների հայելային պատասխանն է:
«Պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում: Այդ քայլերը, այդ արտահայտությունները հայելային արձագանք են»,- ասաց նա: