Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկը՝ Հանրապետության տոնը: 1918-ի հենց այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայ ժողովուրդը վճռական այո՛ ասաց գոյության իրավունքին: Ծանր մաքառումների գնով՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը:

20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը ինչ որ առումով հրաշքի էր նման: Հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն:

Ցավոք, առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:

Հայաստանի Հանրապետության ստեղծումը 1918-ին նվեր չէր, պատահականության արդյունք չէր, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել: Հայ ժողովուրդը հերոսական պայքարով, թշնամական բազմապատիկ զորքերի դեմ ինքնապաշտպանական մարտերով կարողացավ նվաճել անկախությունը:

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27-ը: Հայկական կանոնավոր զորամիավորումներն ու աշխարհազորը մարտնչում էին Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի դեմ: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են 20-րդ դարի Ավարայր, սակայն, համեմատությունն այնքան էլ ստույգ չի արտահայտում իրերի էությունը: Անշուշտ, Սարդարապատի հերոսամարտը շատ ավելի արժեքավոր ու կարևոր էր, շատ ավելի նշանակալի և ճակատագրորոշ: Սա հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն էր։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

255