Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Fip.am-ը գրում է․

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը մի գիշերում չի ընդունել։ Ավելին, նա տգետ է որակել բոլոր այն մարդկանց, որոնք նման պնդում են անում։ «Դա մի գիշերում ընդունված որոշում չէր, նման բան ասողները կամ տգետ են, կամ էլ մանիպուլացնում են։ Ես պարզ ասում եմ՝ մի գիշերում չի եղել, 2013 թվականի հունիսին և հուլիսին Հանրապետական կուսակցությունը անցկացրել է գործադիր մարմնի նիստ, երկուսում տեղի է ունեցել քննարկում, իսկ վերջին նիստում եղել է քվեարկություն»,- ասել է Շարմազանովը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2013 թվականի մամուլը, այդ ժամանակի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները և պարզել, որ մինչև սեպտեմբերի 3-ը Մաքսային միությանը կամ ԵԱՏՄ-ին միանալու մտադրության մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Ավելին, վարչապետի մակարդակով հնչել է պնդում, որ «Մաքսային միությունը Հայաստանի համար իմաստ չունի»։

Հիշեցնենք՝ 2013 թ․ սեպտեմբերի 3-ին հանրության համար անակնկալ կերպով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաստատել է «Հայաստանի ցանկությունը ընդգրկվել Մաքսային միության կազմ»։

Հայ հասարակության համար ԵԱՏՄ անդամակցության մասին լուրը անակնկալ էր

Մինչև 2013 թ․ սեպտեմբերի 3-ը Հայաստանի քաղաքական կյանքում Մաքսային միությանը կամ ԵԱՏՄ-ին անդամակցության մասին խոսակցությունները գերակշռող չեն եղել, հակառակը՝ երկրի այդ ժամանակվա իշխանությունները 2010 թվականից բռնել էին եվրոպական ինտեգրման ուղին

Մինչ այդ՝ 2013 թ․ մարտի 18-ին, Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել էր․ «Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը (Եվրոպական միության հետ-խմբ․) գրեթե ավարտելու վրա ենք, և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք»։ 

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուն, ապա Սարգսյանն ասել էր, որ այդ կառույցի «անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու»։ Նաև նշել էր, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, ու հավելել․ «Եվ Հայաստանի կառավարությունն ամենայն հավանականությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին։ Մենք ազնիվ ենք մեր վարքի մեջ, մենք մեկին չենք խոստանում, որ վաղը գալիս ենք, հետո վազելով գնում, ասում՝ չէ, ձեր մոտ ենք գալիս։ Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»։ 

Իսկ ահա 2013 թ․ հունիսի 25-ին Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը արձանագրել էր, որ «Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է»։

Փաստացի, սեպտեմբերի 3-ից մի քանի ամիս առաջ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որևէ մտադրություն Հայաստանը չի ունեցել, հակառակ դեպքում Հայաստանի նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման հազվագյուտ առիթը բաց չէր թողնի հայտարարելու այդ մասին։ 

2013 թ․-ին Հայաստանի կառավարությունը ղեկավարած Տիգրան Սարգսյանը դեմ էր արտահայտվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Համաշխարհային պրակտիկայում չկա նման օրինակ, որ ընդհանուր սահման չունեցող երկիրը անդամակցի Մաքսային միությանը: Դա անիմաստ կլիներ: Տնտեսական առումով դա նպատակահարմար չէ»,- 2012 թ․-ին Коммерсантъ-ին տված հարցազրույցում ասել էր Տիգրան Սարգսյանը։ 

Իսկ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը սեպտեմբերից մեկ ամիս առաջ ասել էր, որ «Ռուսաստանը ցանկանում է Մաքսային միությունը դարձնել որքան հնարավոր է ընդարձակ, և նրանց համար կարևոր է, որ Ուկրաինան և Հայաստանը գոնե հայտարարեն, որ ցանկանում են լինել դրա մաս», այնուհետև նշել էր, որ Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը։ Նա, սակայն, սեպտեմբերի 3-ից օրեր անց սրբագրեց իր այդ հայտարարությունը․ «Ես այդպիսի բան չեմ ասել, խնդիրը վերաբերում է հետևյալին` Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս, դա ցանկացած մաքսային միությանն է վերաբերում»։

ԵԱՏՄ-ին միանալու համար Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումների մասին սեպտեմբերի 3-ից մի քանի օր անց խոսել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը․ «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ։ Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»:

Ի դեպ, քաղհասարակությունը սեպտեմբերյան որոշումից իր դժգոհությունը բողոքի ակցիաների միջոցով հայտնեց 2013 թ․ դեկտեմբերի 3-ին, երբ պետական այցով Հայաստան ժամանեց Վլադիմիր Պուտինը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

396