Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում ձևավորված գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի: Պետական գույքի կառավարման կոմիտեի ուսումնասիորւթյունների արդյունքում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքն օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի: Կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ առաջարկելով խնդրի լուծման համար որոշման նախագիծ:

«Առաջարկում եք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի՝ պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալության Կառավարության սահմանած կարգով: Վարձատրությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սա արվում է ֆինանսական հոսքերը կարգավորելու, կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար, ապա հարցրեց՝ ենթադրվում է, որ Կառավարության շե՞նքն էլ ենք վարձակալության վերցնելու:

Խուդաթյանն արձագանքեց. «Բոլոր գույքերը, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական 100 տոկոս մասնակցություն ունեցող ՓԲԸ-ներին: Կարելի է ընդգծել, որ առաջարկվող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում, և վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեից»:

ՏԿԵ նախարարը նաև տեղեկացրեց՝ ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձ, մասնավորապես՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասնեց՝ պետք է գույքագրել և հասկանալ՝ այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինն է մատուցում, ինչ է արժենում մեզ համար, որն էլ արդյունավետության բարձրացման որոշում կայացնելու հիմք կդառնա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ որոշման նախագիծը պետք է մանրամասն քննարկել խորհրդարանական քննարկման փուլում՝ հասկանալու ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, քանի որ որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն դպրոցների դեպքում, և որ այս ծավալի վարձակալությունը կարող է լրացուցիչ բեռ առաջացնել բյուջեի համար. «Ստացվում է, որ բոլոր շենքերի համար պետք է վարձակալության վճար տանք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ սա ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ պետությունը մասնավորի հետ է մրցելու. «Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում, մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում, ու խեղդում ենք մասնավորին»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավելեց՝ սա բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում, որովհետև սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն են ապահովելու և պետբյուջեում արտացոլելու են ռեսուրսի այն արժեքը, որը պետական կառավարական մարմիններն օգտագործում են:

«Եթե կազմակերպություններ կան, որոնց վարձակալած ռեսուրսի կամ օգտագործած ռեսուրսի արժեքը 50 կամ 100 մլն դրամ է, երկար կմտածեն՝ իրենք ուզո՞ւմ են այդ 100 մլն դրամանոց ռեսուրսը շարունակել օգտագործել, թե՞ բավարար կհամարեն դրա 60-70 տոկոսը՝ իրենք իսկ առաջարկելով, որ օպտիմիզացվեն»,- ասաց փոխվարչապետը:

264