Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարևորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման հեռանկարներին:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: Նա ընդգծել է, որ Հայաստանը լիարժեքորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին, և խաղաղության պայմանագրի շուրջ ընթացած բանակցությունները, ըստ էության, ավարտվել են: Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս վերահաստատել է պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող արհեստական նոր նախապայմանները լուրջ խոչընդոտներ են ստեղծում գործընթացի առաջմղման համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում նաև Թուրքիայի հետ՝ առաջադրելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, Ասիա-Եվրոպա կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ժողովուրդների բարեկեցության ու կայուն զարգացման ապահովմանը:

Հակոբ Արշակյանը գերիների և պահվող անձանց հարցը ներկայացրել է բացառապես մարդասիրական խնդիր՝ ընդգծելով, որ բոլոր գերիները և ապօրինի պահվող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք՝ համաձայն միջազգային իրավունքի և մարդասիրական նորմերի:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:

Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբան վերահաստատել է Ճապոնիայի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացին՝ ընդգծելով միջազգային իրավունքի գերակայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության կարևորությունը:

208