Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին արդարադատության համակարգի առաջնահերթ խնդիրը «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների հնարավորինս արագ փակումն է։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ընթացքում, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պարագայում արդեն կան շոշափելի հաջողություններ. առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում կատարվել է շահառուների վերադիրավորում։ «Մեկ մասը կտեղափոխվի Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն՝ պատիժը շարունակելու նպատակով, իսկ մյուս մասը՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ստացիոնար բաժանմունք։ Հույս ունեմ՝ սեպտեմբեր ամսին ծրագիրը լիովին կիրականացնենք, և հիմնարկը կփակվի», — նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ին՝ Գալյանի գնահատմամբ, իրավիճակն ավելի բարդ է, քանի որ այնտեղ պահվող անձանց թիվը գերազանցում է 500-ը։ «Իրապես անհրաժեշտություն կա նոր շենքային պայմանների»,- ասաց նա։

Նախարարությունը քննարկել է կարճաժամկետ լուծման հնարավոր տարբերակ՝ «Էրեբունի» ՔԿՀ-ի վերանորոգումը։ Ըստ նախարարի՝ այս տարբերակը պահանջում է ավելի քիչ ծախսեր և կընթանա արագ տեմպերով՝ հնարավորություն տալով արագ փակել «Նուբարաշենը»։

«Սակայն սա չի նշանակում, որ հրաժարվում ենք մեր հիմնական նպատակից՝ կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, որը կհամապատասխանի բոլոր միջազգային չափանիշներին։ Այդ աշխատանքներն ընթանում են զուգահեռ», -հավելեց Սրբուհի Գալյանը։

162