
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սեդրակ Թ.-ն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վայքի էլեկտրական ցանցի «Ջերմուկ» մասնաճյուղի մալուխային ցանցի վարպետ և օդային գծերի սպասարկման էլեկտրիկ: Նա դեպքի օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելու ժամանակ վայր է ընկել՝ սյունի կոտրվելու և կողաշրջվելու հետևանքով:
Հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում Սեդրակ Թ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։