Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Հայաստանում հաշտարարությունը 2025 թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են՝ խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր ծախսերը և գաղտնիությունը:

Հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար: Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման:

Հաշտարարությունը պարտադիր է հետևյալ գործերով

  • Ամուսնալուծություն

  • Երեխայի բնակության վայրի որոշում

  • Ալիմենտի բռնագանձում

  • Ընդհանուր գույքի բաժանում

  • Երեխայի հետ շփման, դաստիարակության և կրթության հարցեր

  • Երեխայի տեսակցության կարգի սահմանում

  • Ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում

Առավելությունները

  • Վեճի արագ և պակաս ծախսատար լուծում

  • Բոլոր կողմերին ընդունելի արդյունք

  • Ողջ գործընթացի գաղտնիություն

  • Հաշտարարին ընտրելու ազատություն

Իմացե՛ք ավելին` e-mediation.am

89