Այսօրվա զրուցակիցս` Արմեն Գրիգորյանը`  Աշտարակի առաջին կամավորներից  էր։

Արմենը պատերազմի մասին լուրը իմացել է ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան հայտարարությունից և ժամանակ չկորցնելով զանգահարել է ընկերներին, որոնց հետ կռվել էր նաեւ ապրիլյան պատերազմում։ Միանգամից կամավորագրվել են ու նույն  օրը գիշերով ճանապարհվել դեպի ռազմի դաշտ։

 «Մենք 9 ընկերներով եղել ենք Արցախ մեկնող առաջին կազմը։ Պայմանավորվել էինք, ուր էլ մեզ ուղարկեն, պետք է միշտ իրար հետ լինենք ու այդպես էլ եղավ։ Ամբողջ գիշեր ճանապարհ ենք գնացել։ Ճանապարհին մեր ուշադրությունը գրավեց հակառակ ուղղությամբ սուրացող տասնյակից ավելի շտապ օգնության մեքենաների շարասյունը. ըստ երևույթի, վիրավորներ էին տեղափոխում Երևան։ Շատ էին նաեւ տարհանվող խաղաղ բնակիչների մեքենաները։ Շտապ օգնության մեքենաների թվից դատելով, հասկացանք, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է», - պատմում է Արմենը։

 

Վաղ առավոտյան հասնելով  Ստեփանակերտ` հանդիպել են նախագահ Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի հետ։ Հիշում է Արայիկ Հարությունյանի խոսքերը․ «Մենք հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու, շատ ծանր պատերազմ է սպասվում, բայց կարճ տևողությամբ․ պետք է դիմանանք»։ Մեծ հաղթանակի տրամադրվածությամբ էլ տղերքը մեկնել են Մարտունի, այնտեղից՝ Խռուշինակ գյուղ, որտեղ արդեն զինվել և բարձրացել են դիրքեր։

 

«Մթության մեջ «ԶԻԼ»-ով գնում էինք, մեր պատկերացրած պատերազմը ամբողջությամբ տարբերվում էր իրականությունից։ Ռմբակոծում էին անդադար, իսկ մենք տեղանքին ծանոթ չէինք։ Այդ գիշեր ռազմադաշտում քողարկվել ենք թփերի մեջ, որպեսզի պաշտպանվենք ԱԹՍ-ներից»։

Մի անգամ, երբ երկրորդ գծից տեղափոխվել են առաջին գիծ, ուրախ, հայրենասիրական երգեր երգելով են գնացել. «Գնդակոծման տակ գնում էինք  երգելով, ուրախ տրամադրությամբ, մտածում էինք, եթե կպնի մեքենային, ապա կվիրավորվենք, բայց ողջ կմնանք գոնե։ Մեքենան կանգնեցրինք, զենքեր էինք բեռնում, սակայն «տեղացող» արկակոծությունից հասկացանք պահի լրջությունը, և երգի ձայնը կամաց-կամաց ցածրացավ, որովհետև մահը գերանդիով է մոտենում»,- ծիծաղով  հիշում է Արմենը։

 

Զենքը կարևոր էր, ուզեին թե չուզեին, պետք է տանեին հետները։ Աստծո կամքով ողջ և առողջ հասել են առաջնագիծ. այստեղ պայմանները լավ էին, պետք չէր կմ-երով գնալ հացի, ջրի հետևից։ Եղել են ինժեներական կառույցներ։ Հակառակորդից 600 մետր էին հեռու, բայց երկրորդ գծի համեմատ  ավելի ապահով էր. բոլոր արկերը առաջնագծի, այսինքն  իրենց գլխավերևով էին անցնում։ 

 

Երբեք չի մոռանա այս տարվա իր ծննդյան օրվա անակնկալը. «Իմ ծնունդը առաջնագծում ենք նշել հոկտեմբերի 25-ին ՝ ինձ անակնկալ էր սպավում։ Տղաները  այնտեղի պայմաններով տորթ էին պատրաստել վաֆլիներով, հալած շոկոլադով էլ վրան գրել` ծնունդդ շնորհավոր։ Շատ էի հուզվել։ Ինչ եմ ուզում ասել, կարևոր չի որտեղ ես, ինչ պայմաններ են, նաև գիտակցում ես, որ այդ օրը կարող է քեզ համար վերջինը լինել, բայց կյանքը կանգ չի առնում և դու շարունակում ես ապրել»։

Վերջին օրը, երբ լսել են զինադադարի և ստորագրված պայմանագրի մասին,  ցավով են ընդունել այդ որոշումը, սակայն դիրքապահների հետ եղել են միակարծիք, որ սա դեռևս կայացած ճիշտ որոշումն էր գերագաույն հրամանատարի կողմից։

 

Արմենն ամփոփելով ասաց․ «Եթե չլինեին այն  զինվորները, կամավորները, ովքեր այս պատերազմում իրենց կյանքի գնով, առողջության հաշվին պահցին մեր հողերը, դիրքերը, ապա հնարավոր է, որ մենք հիմա չունենաինք նաև Արցախը։ Այո, մենք կրել ենք պարտություն և պետք է դասեր քաղենք, այս պարտությունից հետո պետք է միշտ հաղթենք։  Կարծում եմ, որ մենք պետք է հիմա համախմբվենք ու կենտրոնանանք նոր խնդիրների վրա, որոնք ծագեցին պատերազմից հետո։ Կարևոր խնդիրներից մեկը գերիների ողջ և առողջ շուտափույթ վերադարձն է։ Ովքեր այս ընթացքում իրենց տներն են կորցրել, պետք է օգնել վերադարձնել։ Պետք է ուղղենք մեր պետության ծռված ողնաշարը»։

 

 

Թագուհի Մանուկյան   

3183