
Araratnews.am լրատվականը շարունակում է ներկայացնել շաբաթվա ընթացքում հնչած ստերը` ներկայացնելով իրական փաստեր:
Անցնող շաբաթն էլ բուռն էր ստահոդ տեղեկություններով: Եվ այսպես` անդրադարձել ենք թուրքական զինված ուժերի կողմից F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններին, իբր բուհ չընդունված ուսանողների հետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպմանը, քաղաքապետ Հայկ Մարությանի այլ եկամուտներ ունենալու և պարգևավճար ստանալու մասին տեղեկություններին, ինչպես նաև փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի աշխատանքից ազատմանը, թե իբր նա վատ հարաբերություններ է ունեցել ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:
Սուտ
Անցած շաբաթ մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռ ուղղություն է բռնել դեպի Երևան և գտնվել է Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա: Ըստ շրջանառվող լուրերի՝ թուրքական կործանիչները թռիչք են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում։
Ճիշտ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Սուտ
Շաբաթվա ստերի շարքում է իբր բուհ չընդունված դիմորդների հետ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպման մասին տեղեկատվությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ բուհ չընդունված ուսանողների հետ նախարարը հանդիպելու էր նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում, իսկ հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ-շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։
Ճիշտ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հերքում է այն տեղեկությունը, թե նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունենալու բուհ չընդունված դիմորդների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը:
«Հարգելի' գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»,- գրել է Կամավոսյանը:
Սուտ
Մամուլում տարածվում են տեղեկություններ, թե իբր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բացի իր աշխատավարձից, ունի նաև այլ եկամուտներ և ստանում է պարգևավճարներ:
Ճիշտ
Անցնող շաբաթվա ընթացքում հրավիրված ասուլիսին Հայկ Մարությանը հերքեց շրջանառվող տեղեկությունները իր եկամուտների և պարգևավճարների մասով:
«Ես պարգեւավճար չեմ ստանում: Մինչ այդ ստացել եմ 408.000 դրամ աշխատավարձ: Հետո օրենքը փոխվեց, որից հետո ստանում եմ 429.000 դրամ: Հիմա քեֆ եմ անում»,- ասաց Մարությանը:
Նա հերքեց այն լուրերը, թե եկամուտ է ստանում այլ տեղերից: «Եթե ես եկել եմ այստեղ ոչինչ չանելու, ցավներդ տանեմ, կգնամ հետ, հանգիստ կապրեմ, շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, քանի որ միայն ժպիտ եմ պարգեւել ժողովրդին»,- ասել էր Մարությանը:
Սուտ
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի հրաժարականը պայմանավորված է իբր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ունեցած խնդիրներով:
Ճիշտ
Ոստիկանապետի հետ խնդիր չեմ ունեցել: Նա շատ կոմպետենտ պաշտոնյա է: Araratnews.am-ին ասաց արդեն ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվում է այլ աշխատանքի անցնելու համար: Թե ինչ ոլորտում կաշխատի, դեռ չգիտի, առաջարկներ էլ չի ստացել: «Ամեն ինչ նորմալ է: Վաղուց էի ուզում ազատվել: Ուղղակի հիմա եղավ դա»,- ասաց պարոն Մհրյանը։
Հայկ Մհրյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, թե ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ խնդիր է ունեցել: Նա, ըստ նախկին պաշտոնյայի, շատ կոմպետենտ ղեկավար է, մարդկային, լավ որակների տեր անձնավորություն:
Անցնող շաբաթվա ընթացքում առանձնացրել էինք հետևյալ ստերը: «Արարատնյուզ» լրատվականը շարունակում է հետևել շրջանառվող լուրերին և սուտ տեղեկություններ պարունակող ցանկացած տեղեկատվություն իր հակափաստարկով հասանելի ենք դարձնում հանրությանը:
Հայկ Մագոյան