
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց արդյունքները՝ տեղեկացնելով, որ քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 62-ը, բոլորը՝ կողմ։
Նշենք, որ հաջորդիվ խորհրդարանը կքննարկի Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
«Հանցավոր խմբի անդամները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը, 2025 թվականի հունվարից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2 հազարից ավելի անձանց»,- հայտարարել էր գլխավոր դատախազը:
Ըստ միջնորդագրում ներկայացված գաղտնալսումների՝ պատգամավորը շարժման առաջնորդի և այլ համախոհների հետ քննարկում է կազմակերպչական, պատրաստակամ ցուցարարների հավաքագրելու հարցեր, որ իրենց պատկերացրած սցենարը իրագործեն: Ըստ միջնորդագրի՝ քննարկում են անկարգություններ, խուլիգանություններ՝ ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու սցենար:
«Կան կոնկրետ հանձնարարություններ՝ կոնկրետ անձանց, խոստումներ անձանց կողմից՝ ով քանի հոգի ա բերում, կոնկրետ պարոն Սարգսյանն ասում ա, որ ինքը տասը հոգու ա բերում, տասը հոգու համար ա պատասխանատու», - նշել էր Վարդապետյանը: