Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան:

Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ հելլենիզմի և վաղքրիստոնեական շրջանի վերաբերյալ Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանի պատմության թանգարանն արդեն իսկ միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցության և համատեղ ցուցադրությունների կազմակերպման հաջող փորձառություն ունի: Մասնավորապես՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում ավելի քան 6 ամիս ցուցադրվել են Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված կիսանդրին և ձեռքը՝ Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների հետ համադրմամբ: Առաջիկայում համատեղ ցուցադրություններ են նախատեսվում աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների հետ:

Հաջորդաբար հայկական պատվիրակությունն այցելել է Աթենքի հնագիտական թանգարան: Թանգարանի տնօրեն Կոստաս Նիկոլեդոսը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հունաստանի առաջատար թանգարանների փորձը, ցուցադրությունների կազմակերպման նորարարական լուծումները, թվայնացման ծրագրերը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հունաստանի թանգարաններն ունեն բացառիկ փորձ և համաշխարհային ճանաչում, որը կարող է օգտակար լինել Հայաստանի թանգարանների զարգացման և արդիականացման համար։

Քննարկվել են թանգարանային մասնագետների համար վերապատրաստման ծրագրերի իրականացման, ցուցադրությունների վիրտուալ հասանելիության և թվային տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունները:

Նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև տավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն ԴիմիտրիսՊրոտոպսալտուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի երկարամյա ներդրումները մշակութային և կրթական նախագծերում՝ նշելով, որ հայաստանյան կողմը պատրաստ է ուսումնասիրելու փոխգործակցության տարբերակները, որոնք կարող են նպաստել ոլորտային զարգացումներին։

Ստավրոս Նիարխոս հիմնադրամը (Stavros Niarchos Foundation, SNF) հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է աշխարհի առաջատար բարեգործական կազմակերպություններից մեկը։ Հիմնադրամն աջակցում է ավելի քան 130 երկրում իրականացվող կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության և առողջապահության ոլորտների նախագծերի՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:

Այցի շրջանակում նախարարին է ներկայացվել նաև Ստավրոս Նիարխոս հիմնադրամի Մշակույթի կենտրոնի (SNFCC-Stavros Niarchos Foundation Cultural Center) գործունեությունը: Կենտրոնի տարածքում տեղակայված են Հունաստանի ազգային գրադարանը և ազգային օպերան, ինչպես նաև հարակից մեծ այգին, թեմատիկ պարտեզները և ճեմուղիները, բացօթյա բեմերը, ցուցասրահները, սրճարանները և հանրային բաց տարածքները:

Դիմիտրիս Պրոտոպսալտուն ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և հնարավորությունները՝ ընդգծելով հայկական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

148