Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, մարզպետի աշխատակազմի, դեսպանատան ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մի շարք հրավիրյալներ օգոստոսի 6-ին ներկա են եղել Սպիտակի բժշկական կենտրոնի վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից.

 

«Վերջիններիս գործունեությանը հյուրերին ծանոթացրել է Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը:

 

Սպիտակի բժշկական կենտրոնի վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի վերանորոգումը և անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով վերаզինումն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան Եվրոպական հրամանատարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերով:

Զգայական սենյակը նախատեսված է հատուկ կարիքներ, մասնավորապես, աուտիզմ ունեցող երեխաների համար, և այստեղ սպասարկվում է շուրջ 50 անչափահաս անձ, մինչդեռ վերականգնողական կաբինետը թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների համար է:

 

Սպիտակի բժշկական կենտրոնին և տարածաշրջանի բնակչությանը ցուցաբերված աջակցության համար ԱՄՆ դեսպանատանն իր երախտագիտության խոսքն է հղել Վարդուհի Սիսակյանն՝ ընդգծելով, որ առողջական խնդիրների հաղթահարման համար բուժառուները այլևս ստիպված չեն լինի մեկնել մայրաքաղաք և կսպասարկվեն հենց տեղում՝ զգալի ֆինանսական միջոցներ տնտեսելով:

 

Իր ողջույնի խոսքում Արմեն Գասպարյանն ընդգծել է վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի վերազինման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է վերականգնողական բժշկական օգնության ծառայության ոլորտի շարունակական զարգացումը, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի վերականգնողական ծառայությունների մատուցումը ազգաբնակչությանը և բարձր է գնահատում ԱՄՆ դեսպանատան աջակցությունն այս հարցում:

Լոռու մարզին ցուցաբերված հերթական թիրախային աջակցության համար՝ իր և Լոռու մարզպետի աշխատակազմի անունից երախտագիտություն է հայտնել Հովհաննես Ավետիսյանը: Նա նշել է, որ անգնահատելի է եղել ԱՄՆ դեսպանատան օգնությունը հատկապես քովիդի դեմ պայքարի օրերին, ԼՂ բռնի տեղահանված անձանց աջակցության հարցում, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

 

- Լոռու մարզում իրականացված հերթական ծրագիրը խոսում է մեր երկու ժողովուրդների բարեկամության մասին: Շնորհակալություն մեր ազգաբնակչության կողքին լինելու համար,- ասել է մարզպետի պաշտոնակատարը:

Դեսպան Քրիստինա Քվինն իր ելույթում նշել է, որ մեծ ուրախությամբ են իրականացրել ծրագիրը՝ կարևորելով Լոռու մարզի ազգաբնակչության կյանքի որակի բարելավման անհրաժեշտությունը:

 

- Սա լավ օրինակ է մեր երկու երկրների միջև համագործակցության, և մենք պատրաստ ենք այսուհետ ևս շարունակելու ծրագրեր իրականացնել Լոռու մարզում,- ասել է տիկին դեսպանը»:

 

97