
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Վահան Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրելու և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին առաջընթացի կապակցությամբ Իրանի շնորհավորանքն ու աջակցությունը:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում՝ համապատասխան վերոնշյալ հռչակագրի տառին և ոգուն: Կառուցողական մթնոլորտում մտքեր են փոխանակվել գործընթացի վերաբերյալ Հայաստանի և Իրանի դիրքորոշումների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել մշտական երկխոսությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան շփումներին: