Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին

Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ 

«Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին և մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: 

Վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, և զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն և չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար:

Հիմք ընդունելով այդ տեղեկությունը և կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»:

Այս որոշումն ընդունելու և «Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ օգտատեր Դավիթ Ղազարյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ «Ամառային դպրոց» ծրագրից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար։ 

243