Արցախի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և գործադիր իշխանության պատասխանատուները:

 

Բացելով նստաշրջանի աշխատանքը` Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն ու վշտակցություն է հայտնել  Լիբանանի  եղբայրական ժողովրդին՝ մայրաքաղաք Բեյրությում պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ և մաղթել տոկունություն ու ոգու արիություն՝ արհավիրքի  ցավին դիմանալու համար: Խորհրդարանի ղեկավարը նաև հավելել է, որ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն  ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու համար Արցախի Հանրապետության  նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը կմասնակցեն նաև Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը:

 

Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի՝ ԱՀ նախագահի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել  է գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկված՝ «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է՝ առաջին ընթերցմամբ ընդունված  «ԱՀ 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

 

Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը:

 

 Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ  նախագահի 2020-2025թթ-ի ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ:

Նախարարի փոխանցմամբ, առաջարկվող փոփոխությամբ կիրականացվեն ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, չգազաֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորման, սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման այս և այլ ծրագրեր:

 

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում  2020թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 399,2հազ դրամ (ավելացումը՝ 5,100մլն դրամ), ծախսերը՝ 135 մլրդ 650 մլն717,7 հազ դրամ, (ավելացումը՝ 14, 810.0մլն ), դեֆիցիտը՝ 9 մլրդ 601 մլն 318,5 հազ դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:

 

Պատգամավորները ֆինանսների նախարարին են առաջադրել բյուջեյի ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր:

 

Գլխադասային՝ Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ Դավիթ Մելքումյանը, Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Էդուարդ Աղաբեկյանը:

 

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահն անդրադարձել է առաջադրված հարցերին և պատրաստակամություն հայտնել բյուջեի որոշ դրույթների վերաբերյալ պատգամավորների հետ առաջիկայում կազմակերպել  քննարկումներ:

 

Ամփոփելով ելույթը՝ ԱՀ նախագահը նաև խոսել է երդմնակալության արարողության ժամանակ Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկության մասին, նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը: Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել նաև նախագահական նստավայրի Շուշի տեղափոխելու հավանականությունը:

 

Նախագահի ելույթից հետո քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  26 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

 

Հաջորդիվ Ֆինանսների նախարարը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Հեղինակի հիմնավորմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ նախագահի 2020թ-ի մայիսի 26-ի հրամանագրով սահմանված ԱՀ կառավարության կառուցվածքին համապատասխան նոր ստեղծված պետական կառավարման մարմիններում պետական պաշտոն զբաղեցնող  անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման անհրաժեշտությամբ:

 

Նախագծով առաջարկվում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցներ սահմանել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում  բարձրաստիճան  պաշտոնատար անձանց համար, որը պայմանավորված է ՀՀ-ում 2019թ. սեպտեմբերից տնտեսական մրցակցության  պաշտպանության  պետական հանձնաժոովում  և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացմամբ:

 

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես է եկել պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Քվեարկության արդյունքում՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է:

 

ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքները 18:25-ին: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

602