Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որը արգելում է վտարել, արտաքսել և քրեական հետապնդման նպատակով արտահանձնել այն օտարերկրացիներին, որոնք կռվել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի (ԶՈւ) կամ ռուսական զինված կազմավորումների կազմում։
Փաթեթը բաղկացած է երեք օրենսդրական նախագծերից, որոնք մշակվել են արդարադատության նախարարության կողմից և կառավարության կողմից ներկայացվել են նոյեմբերի 20-ին։
Առաջին օրենսդրական նախագծով Քրեական դատավարության օրենսգրքում (ՔԴՕ) սահմանվում է արգելք՝ Ռուսաստանի կողմից կռված օտարերկրացիներին այլ պետությունների պահանջով հանձնելու՝ հետագա քրեական հետապնդման համար։ Փաթեթի մեկ այլ նախաձեռնությամբ Վարչական իրավախախտումների օրենսգրքում ավելացվում է նրանց արտաքսումն արգելող դրույթ։ Օտարերկրացիներին արտաքսելու փոխարեն նախատեսվում է կիրառել մինչև 50 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 200 ժամ պարտադիր աշխատանք։
Արդարադատության նախարարության երրորդ օրենսդրական նախագիծը փոփոխություններ է նախատեսում «ՌԴ-ից մեկնելու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում։ Փաստաթղթով առաջարկվում է պաշտպանել Ռուսաստանի զինված ուժերում ծառայած օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի մուտքի արգելքից, ինչպես նաև դեպորտացիայի և ռեադմիսիայի վտանգից։
Ռեադմիսիան նշանակում է անձի արտաքսում ոչ թե այն երկիր, որի քաղաքացին է նա, այլ այն պետություն, որտեղից նա ժամանել է։