Թերևս 2020թ․-ը բարդ և փորձություններով լեցուն տարի էր, բայց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամքի տակ գտնվող արջերի համար Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ամանորյա տրամադրություն է ստեղծվել։

Կենտրոնում գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։

Կենտրոնի արջերի խնամակալները մշտապես հոգ են տանում Հայաստանի տարբեր մասնավոր տարածքներից փրկված արջերի մասին, բացառություն չեն նաև տոնական օրերը։ Մասնագետներն արջերի փրկության ծրագրի շրջանակներում փրկված բոլոր արջերի նկատմամբ ցուցաբերում են առանձնահատուկ վերաբերմունք․ ուսումնասիրելով յուրաքանչյուր արջի կարիքները, բնավորության գծերը և ֆիզիկական տվյալները, մեր մասնագետներն ընտրում են հատուկ սննդակարգ, կիրառում են զբաղվածության տարատեսակ միջոցներ և ապահովում են բարձր տրամադրություն։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։  Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։

 

 

50