Սահմանամերձ Բարեկամավան գյուղում արդեն կգործի նոր տիպի փոստային բաժանմունք, օրերս կսկսվեն նաև Բարեկամավանի դպրոցի և բուժկետի վերանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

 

«Ինձ համար կարևոր է Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի կյանքի պայմաններն ու որակը: Գյուղը պետք է ոչ միայն հարուստ լինի բնությամբ ու մարդկանցով, այլ նաև միջավայրով, ծառայությունների որակով: Այսօրվա ներդրումը նշաձող է այն բոլոր ծրագրերի համար, որոնք պիտի իրականացնենք: Այս ծրագիրը շարունակական պետք է լինի մեր մյուս գյուղերում: Մեր ժողովուրդը և մեր գյուղը արժանի են լավագույնին»,- Հայկ Չոբանյան - ՀՀ Տավուշի մարզպետ:

 

Այսօր Բարեկամավան գյուղում նոր տիպի փոստային բաժանմունքի բացմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը, Հայփոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

 

Ստեփան Ծատուրյանը նշեց, որ նախատեսվում է սահմանամերձ համայնքներում փոստային ենթակառուցվածքների արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական ֆինանսական բանկային մի շարք ծառայություններ:

 

Հայկ Կարապետյանն բարեկամավանցիներին հորդորել է ակտիվորեն օգտվել «Հայփոստի» ծառայություններից՝ ավելացնելով, որ սա ուղղակի գեղեցիկ շինություն չէ, այստեղ հասանելի է դառնալու մեկ պատուհանի սկզբունքը:

154