
«Արցախի ժողովրդի դեմ 44 օր տևած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և Լեռնային Ղարաբաղ մուտք գործեցին ՌԴ խաղաղապահ ուժերը: Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի ՊԲ զինծառայող: Արցախի ՊԲ-ը և ԱԳՆ-ն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները»: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին կիսում է այս հայտարարությունում առկա գնահատականը և որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ խոստ մտահոգված է այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով:
«Այդ խախտումները վերաբերում են հայտարարության առաջին և ութերորդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջությամբ դադարեցնեն կրակը, վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց: Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կողմից հարձակումը, որի հետևանքով գերեվարվեց 64 զինծառայող»,- ասաց նախարարը՝ հայտարարելով, որ այդ զինծառայողների շինծու մեղադրանքները, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում են եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները:
Արա Այվազյանը շեշտեց, որ այդ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե հայատյացության քաղաքականության շարունակությունը: «Հայաստանը կշարունակի իր բոլոր ջանքերը ռազմագերիներին վերադարձնելու, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ ԱԳՆ նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ»:
Հայկ Մագոյան